Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Եթե դերասանը դադարի խաղալուց, «կժանգոտի», կմոռանա իր մասնագիտությունը»

«Եթե դերասանը դադարի խաղալուց, «կժանգոտի», կմոռանա իր մասնագիտությունը»
08.04.2016 | 09:45

«Իրատեսի» հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է:

«ԹԱՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՆ ՆԱՅԵԼԻՍ ԾԻԾԱՂՍ Է ԳԱԼԻՍ ԿԱՄ ԼԱՑՍ»


-Պարոն Մանուկյան, «Այբբենարան բոլորի համար» հեռուստաֆիլմում Դուք արժեքավոր մի խրատանի եք մատուցում հանրությանը: Վայրիվերումներով առլեցուն մեր ժամանակներում իմաստուն այդ խրատներին ականջ դնողներ կա՞ն:
-Այնպիսի խորիմաստ խրատներ կան այդ ֆիլմում հնչող ասույթներում, որ եթե լսողը նորմալ մարդ է, հետևություններ անպայման կանի: Իհարկե, այդ պատառիկների ընտրությունը կատարել էր Գագիկ Հարությունյանը, և դրա էկրանային արտահայտչաձևի մեջ մենք կարողացել ենք ինչ-որ բանի հասնել՝ ըստ երևույթին: Մի քանի հեռուստաալիքով ցուցադրվեց այդ ֆիլմը և դարձավ հասանելի շատերին: Դա գիրք չէ, որ հասանելի չլինի ամեն մեկին: Հեռուստատեսությունն ավելի մատչելի է մարդկանց: Բայց եթերում էլ այնքան հաճախ չեն ցուցադրում նման բաներ: Դա շատ ուսանելի նյութ է, մարդկանց համար անհրաժեշտ, և եղած արձագանքներն էլ դրական են: Տեսնենք՝ կընդգրկի՞ լայն լսարան:
-Հեռուստաէկրանին Ձեզ առավել հաճախ ենք տեսնում սերիալների ձևաչափում: Դրանց մասին երկու հակադիր տեսակետ կա շրջանառության մեջ: Ոմանք պնդում են, թե դրանք անարժեք, հակաէսթետիկական երևույթներ են, որոնք ընդամենը ճաշակ ու մտածողություն են փչացնում: Ոմանք էլ հայտարարում են, թե դա կինոարվեստի՝ ձևավորման փուլում գտնվող մի նոր ճյուղ է, որը դեռևս իր առաջին, խարխափուն քայլերն է անում կայացման ճանապարհին: Դուք ո՞ր տեսակետին եք հարում:
-Դժբախտաբար, սերիալները ոչ թե իրենց առաջին քայլերն են անում, այլ վաղուց են մտել մեր իրականություն: Այնպես որ, չի կարելի ասել, թե հիմա դրանք խարխափում են, հետո ավելի լավն են դառնալու: Արվեստի չափանիշների առումով սերիալները բավականին կաղում են. սա իմ հաստատ համոզմունքն է: Որովհետև չի կարելի այսօր մի բան գրել, վաղը՝ դա նկարել: Հիմա այդպես է ընդունված: Էլ չեմ ասում, որ դերասանին հենց նկարահանման օրն են տալիս իր տեքստը: Մեկ-մեկ հեռուստադիտողը հարցնում է, թե ինչով է ավարտվելու սերիալը: Ես պատասխանում եմ, որ չգիտեմ. դա հո կինոսցենար չէ՞, որ սկզբից մինչև վերջ դերասանը կարդա, տեսնի դերի զարգացումն ամբողջությամբ, հետո միայն համաձայնի կամ չհամաձայնի խաղալ իրեն առաջարկվող դերը: Սերիալում ոչինչ նախապես չգիտես: Թեև սերիալների բոլոր սցենարները գրեթե նման են իրար՝ հիվանդանոց, գերեզմանոց, որոշ փոխհարաբերություններ՝ ընդունելի և ոչ ընդունելի: Իսկ այն, որ սերիալներն ինչ-որ ճանապարհ ունեն անցնելու՝ նոր վիճակի հասնելու համար, չեմ կարծում, թե հնարավոր է: Դրանից որևէ բան չի փոխվի: Որովհետև սերիալը դարձել է «ՔՌՐտՏՑՐպո»: Նախ՝ դրա մեջ փող կա: Եվ գուցե սերիալներ ստեղծողներին թվում է, թե իրենք շատ լուրջ բան են անում: Մեկ անգամ էլ տեսահոլովակում եմ նկարվել, իհարկե, ֆինանսական նկատառումներով, բայց այլևս երբեք չեմ անի նման բան:
-Գոյություն ունեցող պարագաներում սերիալ ստեղծողները, դրանցում նկարահանվող ոչ պրոֆեսիոնալ դերասանները կարող են և իրենց բավարարված զգալ: Ձեզ նման վաստակ, դափնիներ, հանդիսատեսի սեր ճաշակած մարդն ինչպե՞ս է տեղավորվում սերիալային ձևաչափում:
-Ժողովրդական խոսքով պատասխանեմ. «Նստենք թախտին, սպասենք բախտի՞ն»: Բոլոր դերասաններն էլ ֆինանսական իրենց վիճակը քիչ թե շատ կարգավորելու նպատակով են հայտնվում սերիալներում: Կոնկրետ ես հեռուստասերիալի համար ստացած գումարով կարողանում եմ որոշ կենցաղային հարցեր լուծել, մի բան, որ անհնար է անել թատրոնի աշխատավարձով: Թատրոնի աշխատավարձին նայելիս ծիծաղս գալիս է:
-Կամ՝ լացը:
-Կամ՝ լացը: Այո՛, լացը: Այսքան տարի աշխատելուց հետո կոպեկների վրա նստելն ահավոր բան է: Թատրոնի աշխատավարձը բավարար չէ բնակարանի կոմունալ ծախսերը հոգալու համար անգամ: Սա սարսափելի բան է: Սա ի՞նչ վարձատրություն է: Շատերն են ասում, որ եթե լինեի դրսում, հսկայական գումարներ կվաստակեի: Իսկ մեզ մոտ նման բան չի կարող լինել: Հետո, երբ մարդը չի լինում, սկսում են դիֆիրամբներ կարդալ, գովեստներ շռայլել, ասել, թե ինչ թանկ, տաղանդավոր անհատականություն կորցրին:
-Դե՜, մահացածին գովաբանելիս աշխատավարձի վճարում չի ենթադրվում:
-Այո՛, այդ դեպքում խոսքի վրա կապանքներ չկան: Ինչ կուզեն՝ կասեն: Իսկ քանի դեռ ողջ ես, ստիպված ես գնալու որոշ քայլերի՝ ապրելու համար: Ես հասկանում եմ, թե ինչու անուն ու վաստակ ունեցող արտասահմանյան որևէ դերասան երբեք չի նկարահանվում սերիալում, ավելին՝ շատ բծախնդրորեն է ընտրում ֆիլմում իրեն առաջարկվող այս կամ այն դերը: Որովհետև մարդն ունի ֆինանսական ապահովություն: Իր վիճակն այնպիսին է, որ հանուն փողի ստիպված չէ ցանկացած առաջարկ ընդունելու: Մարդը կարող է ընտրել՝ ելնելով իր հոգեկան բավարարվածության չափանիշներից, իր մասնագիտության նկատմամբ ունեցած սկզբունքներից: Երբ այս բաներն են դառնում առաջնային, դերասանը բոլորովին այլ դրսևորում է ունենում: Իսկ մեզ մոտ չկա այդ հնարավորությունը: Մենք չենք կարող հրաժարվել մեզ արվող առաջարկներից: Որովհետև հրաժարվելու դեպքում՝ մնում է նստել տանն ու «ժանգոտել»: Ինչպես որ սպորտսմենն ու երաժիշտը, այդպես էլ դերասանը պետք է միշտ ակտիվ աշխատանքային վիճակում լինի: Եթե դերասանը դադարի խաղալուց, իսկապես «կժանգոտի», կմոռանա իր մասնագիտությունը:


«ՇԱՏ ՀԱՃԱԽ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԲԵՐՈՒՄ ԹԱՏՐՈՆ»


-1980-ականներին Նիլ Սայմոնի «Զբոսայգում ոտաբոբիկ» ներկայացումը, որում Դուք գլխավոր դերակատարներից մեկն էիք, հանդիսատեսի անկասելի հոսք էր ապահովում դեպի դրամատիկական թատրոն: Տասնամյակներ անց Դուք նույն այդ ներկայացումը բեմադրեցիք Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնում: Սերունդ էր փոխվել, ժամանակաշրջան, հասարակարգ: Ընկալվե՞ց բեմադրությունը նոր ժամանակներում:
-Այդ ներկայացումը ամենածավալուն ներկայացումն էր Մհեր Մկրտչյանի թատրոնում: Մյուս ներկայացումները փոքր էին, մեկ գործողությամբ: Իհարկե, սերունդը փոխվել էր, ընկալումներն այլ էին: Եվ գաղտնիք չէ, որ շատ հաճախ դերասանների անուններն են հանդիսատեսին բերում թատրոն: Դրամատիկականում այդ ներկայացման մեջ այնպիսի դերասաններ էին ներգրավված, որ հանդիսատեսը չէր կարող չգալ նրանց տեսնելու: Իմ խաղընկերներն էին Վիոլետա Գևորգյանը, Իշխան Ղարիբյանը, Էմմա Վարդանյանը: Տեսեք, թե ինչ ծաղկաբույլ էր հավաքված այդ ներկայացման մեջ:
-Եվ դրամատիկական թատրոնն այն տարիներին մի օազիս էր, որտեղ իրենց մշակութային ծարավը հագեցնելու էին գալիս բոլոր թատերասերները:
-Այո՛: Եվ չեմ կարող չնշել ամիսներ առաջ մահացած Վարուժան Խըտշյանի՝ բեմադրիչի ահռելի վաստակը «Զբոսայգում ոտաբոբիկ» ներկայացման հաջողության գործում: Վարուժանին ես շատ տաղանդավոր ռեժիսոր եմ համարում: Նույնիսկ ասել եմ բազմիցս, թե ի դեմս նրա՝ գտել եմ իմ իսկական ռեժիսորին, որն ինձ նման է մտածում, կամ ես՝ նրա նման: Հետագայում ևս մեկ աշխատանք արեցինք իրար հետ՝ «Կենտ զույգը» հեռուստատեսային ներկայացումը՝ դարձյալ ըստ Սայմոնի ստեղծագործության: Ինչո՞ւ չեն ցուցադրում այդ ներկայացումը: Ամիսներ ենք կորցրել, աշխատել ենք, բան ենք ստեղծել, և այսօր ոչ ոք տեղյակ չէ, որ կա նման ներկայացում: Արածդ ոչնչանում է չգիտես՝ ում թեթև ձեռքով:

«ՏԻՐԵՑ ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ ԻՄ ԿԻՆՈԴԵԲՅՈՒՏԻՑ ՀԵՏՈ»


-Նույն գանգատը կարելի է հնչեցնել Ձեր կինոդեբյուտի՝ Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» կարճամետրաժ ֆիլմի առնչությամբ: Ֆիլմ, որով առաջին անգամ Հայաստանը ներկայացվեց Կաննի կինոփառատոնում: Ինչպես Հենրիկ Մարգարյանն է վկայում, ֆիլմի հաջողության մեծագույն գրավականներից մեկը հենց Ձեր դերասանական խաղն է եղել, որն ապշեցրել է Սերգեյ Գերասիմովին ու Մոսկվայից Երևան ժամանած արվեստագետների պատվիրակությանը: Ձեզ անգամ շրջագայության են տարել Խորհրդային Միությունով մեկ, որպեսզի ցույց տան, թե ինչպիսի տաղանդավոր երիտասարդ դերասան ունի խորհրդային կինոն: Ի՞նչ տվեց Ձեզ այդ հաղթական կինոդեբյուտը՝ հետագա ստեղծագործական ուղին կառուցելու առումով:
-Գերասիմովը զարմացած էր, ասում էր, թե բոլորովին չի զգացվում, որ այս երիտասարդ տղան առաջին անգամ է կանգնում կինոխցիկի առաջ: Անհամեստ չթվամ, բայց նա ասաց, որ ինձ նման դերասանի համար հարկավոր է հատուկ սցենար գրել: Եվ այդ գնահատականից հետո ես մոտ 6-7 տարի առհասարակ չնկարահանվեցի: Զարմանալի բան: Երբ արտասահմանում մի դերասան հաջող դեբյուտ է անում, բոլորը փորձում են նրան «որսալ» ու նկարել իրենց ֆիլմերում: Դերասանը խեղդվում է առաջարկությունների առատությունից: Մեզ մոտ ճիշտ հակառակը եղավ: Երևի մտածում էին՝ եթե Մարգարյանը գտել է Գուժ Մանուկյանին, մենք էլ մեկ ուրիշ Գուժ Մանուկյան կգտնենք, էս ուրիշի գտածը մեզ պետք չէ: Չգիտեմ՝ դա ինչ մտածելակերպ է: Մանավանդ որ ես այն ժամանակ բավական լավ ֆիզիկական վիճակում էի, զբաղվում էի սպորտով, ունեի համապատասխան արտաքին: Կարելի էր լավ արդյունքի հասնել, եթե ինձ օգտագործեին սցենարիստներն ու ռեժիսորները: Բայց տիրեց մեծ լռություն իմ կինոդեբյուտից հետո: Սա իմ ցավոտ տեղն է: Մալյանի մոտ ես ընդամենը մեկ դեր խաղացի «Նահապետում», իսկ Դովլաթյանի մոտ չնկարվեցի առհասարակ: Գուցե ինձ չէին սիրում՝ որպես դերասանի. սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է: Տասնամյակներ անց կինոէկրանին դիտում էի «Տերտերին ուխտը» և փորձում գտնել որևէ սխալ իմ խաղի մեջ: Չգտա: Զարմանալի բան: Ամեն ինչ այնքան մանրակրկիտ էր արված այդ կերպարում, որ ես՝ իմ ամբողջ մասնագիտական փորձառությունն ուսերիս, չգտա փոխելու որևէ բան այդ դերում: Եվ շատ հետաքրքիր էր այդ ֆիլմի ստեղծման ընթացքը: Նկարահանման հրապարակում Հենրիկ Մարգարյանն ինձ թույլ չէր տալիս կողմնակի բաների խառնվել: Ինձ ասում էր, որ ներշնչվեմ, պատրաստվեմ նկարվելու այս կամ այն կտորում, չմտածեմ ոչ մի ուրիշ բանի մասին, հետո նայում էր աչքերիս՝ տեսնելու՝ ընկալե՞լ եմ իր ասածը: Երբ զգում էր, որ պատրաստ եմ, ցածրաձայն ասում էր՝ «մատոր»: Այդուհետ ինձ չի հանդիպել նման ռեժիսոր: Նա ստեղծել էր այդ տարվա խորհրդային երեք լավագույն ֆիլմերից մեկը, մյուս երկուսը, որ ընտրվեցին և «Տերտերին ուխտի» հետ տարվեցին Կանն, նկարահանել էին «Մոսֆիլմ» և «Լենֆիլմ» կինոստուդիաները: Եվ այս հոյակապ ֆիլմը չի ցուցադրվում:

«ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՆՑԵԼ ԻՄ ՈՒՆԵՑԱԾ ՓՈՐՁԸ»


-Որտե՞ղ են բավարարվում Ձեր հոգևոր պահանջներն այսօր՝ իբրև դերասանի:
-Դերասաններս կախման մեջ ենք բեմադրիչներից: Իհարկե, իմ դեպքում խանգարում է նաև տարիքը: Բայց ես նայում եմ Հոլիվուդի ֆիլմերը և տեսնում, թե ինչպես են իմ տարիքի դերասանները խաղում հետաքրքիր դերերում: Չգիտեմ՝ մեզ մոտ ո՞վ է այդպիսի դերեր գրելու, ո՞վ է բեմադրելու, բայց ես երազում եմ այդպիսի դերեր խաղալ: Հայրս ունի մի պիես՝ «Մանեկենը»: Շատ ուզում էի այդ պիեսում խաղալ, բայց ինչ-ինչ պատճառներով այն չբեմադրվեց դրամատիկական թատրոնում: Վերջին տարիներին ես մասնակցում եմ ասմունքի մանկական մրցույթներին և տեսնում, որ շնորհքով երեխաներ կան: Բայց դասատուները նրանց սխալ ճանապարհով են տանում: Նրանք բանաստեղծությունը որպես ոտանավոր են ասում, որպես հայոց լեզվի անգիր դաս: Այդ ամենն ասմունքի հետ կապ չունի: Եվ ես ափսոսում եմ, որ իմ իմացածը հետս տանելու եմ: Կուզենայի ունենալ այդ դպրոցականներին կրթելու հնարավորություն, որովհետև ես նրանց հուշում եմ բաներ, որ ուրիշը չի ասի. ե՛ս գիտեմ դրանք: Ափսոսում եմ, որ չունեմ այդ լսարանը, որ չեմ կարող փոխանցել իմ ունեցած փորձը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ